Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/147

Այս էջը սրբագրված է

բայց նրանք չխնայեցին իրենց կանանց ու որդիներին և այս աշխարհի մարմնավոր կյանքի գանձերը։ Մինչև անգամ իրենց արյունը մտքները չէին բերում Քրիստոսի սիրո համար, այլ արեգակի երկրպագուներին, որոնք ձեր ուսուցիչներն էին, չարաչար հարվածներով սպանեցին և մեծամեծ չարիքներ հասցրին ձեր զորքին, և նրանցից շատերն ընկան նույն պատերազմի մեջ, ոմանք տեսակ-տեսակ վարձությունների մատնվեցին, ուրիշները հեռավոր օտարություն քշվեցին և է՛լ ավելի շատերը գերի տարվեցին։ Նրանք բոլորը մեզանից առաջ մտան աստծու արքայությանը և խառնված են վերին հրեշտակների գնդերին և ցնծում են պատրաստված ուրախությունների մեջ, որին հասնելով խառնվեց նաև այն երանելի մարդը, որի համար ասում ես, թե աքսոր քշեցի։ Երանի եմ տալիս նրան և երանի այն երկրին, որի միջով նա պիտի անցնի և այն տեղին, որտեղ նա պիտի վախճանվի. նա ոչ միայն ձեր արքունիքից է գերազանցում իր պատվականությամբ, այլև այդ երկնային լուսավորներից, որոնց դուք երկրպագում եք»։

Պատասխան տվեց Մովան անդերձապետը և ասաց նրանց. որ Աստվածները բարերար են և համբերությամբ հոգում են մարդկային ազգի համար, որպեսզի հասկանան ու ճանաչեն իրենց փոքրիկությունն ու նրանց մեծությունը և վայելեն այս աշխարհի պարգևները, որոնք հանձնված են թագավորի իրավունքին, և նրանց բերանից են դուրս գալիս կյանքի ու մահվան հրամանները։ Դուք իրավունք չունեք այդպես ընդդիմանալու նրանց կամքին և հանձն չառնելու արեգակին երկրպագել, որ իր ճառագայթներով լուսավորում է ամբողջ տիեզերքը և իր ջերմությամբ հասցնում է մարդկանց և անասունների կերակուրը. և իր ընդհանուրին բաշխող առատության և անաչառ մատակարարության պատճառով կոչվեց Միհր աստված, որովհետև նրա մեջ չկա նենգություն և անիմաստություն։ Ուստի և մենք էլ երկայնամիտ ենք լինում ձեր տգիտության վերաբերմամբ, որովհետև գիշակեր և արյունարբու գազանների նման մարդատյաց չենք։ Խնայեցե՛ք ձեր անձերին և մեզ ակամա մի՛ խառնեք