Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/148

Այս էջը սրբագրված է

ձեր արյունի մեջ։ Մի կողմ թողեք ձեր նախկին հանցանքը և առաջիկա գործերդ ուղղեցեք, որպեսզի ձեր պատճառով ուրիշներն էլ ողորմության արժանանան մեծ թագավորի կողմից»։

Սրան Սահակ եպիսկոպոսը պատասխան տվեց և ասաց. «Ինչպես մի ուսյալ և խիստ կրթված մարդ՝ գեղեցկապես հոգում ես աշխարհի շինության և թագավորի փառքի համար, բայց այս բանը շատ տգիտաբար ես սովորեցնում, որովհետև բազմաթիվ աստվածներ ես դավանում և բոլորի մասին չես ասում, թե մի կամք ունեն։ Եթե վեհագույնները հակամարտ են միմյանց, մենք, նրանցից ավելի խոնարհներս, ինչպե՞ս կարող ենք համաձայնել քո խոսքերին։ Միացրո՛ւ ջուրն ու կրակը, որպեսզի նրանցից խաղաղություն սովորենք. արեգակին տուն կանչիր որպես կրակ, և եթե նրա գալը հնարավոր չէ, որպեսզի աշխարհը խավարի մեջ չմնա, դրա՛ն ուղարկիր նրա մոտ, որպեսզի նրանից անկարոտություն սովորի։

«Եվ եթե քո աստվածների բնությունը մեկ է, թող միանալով հավասարվեն միմյանց. կրակն անկերակուր դառնա ինչպես արեգակը, և արքունի ծառաները [գործից] չխափանվեն՝ դրան փայտ հասցնելու համար։ Արդ՝ դրանցից մեկն անհագաբար ուտում է և շարունակ մեռնում, իսկ մյուսը, որ չի ուտում, առանց օդի նվազում է նրա ճառագայթների լույսը. ձմեռը ցրտանում է և բոլոր դալար բույսերը սառցնում, ամառը տոթ անում է և այրում ամեն մի կենդանի բան։ Եվ նա, որ շարունակ փոփոխության մեջ է, չի կարող որևէ մեկին հաստատուն կյանք շնորհել։ Ես չեմ կարող քեզ մեղադրել. ով չի տեսել մեծ թագավորին, երկրպագություն է տալիս պատվավորներին, իսկ եթե հմուտ գիտուններից մեկն այսպես վարվի, իսկույն մահվան հրաման կտան նրա վերաբերմամբ։

«Իսկ արեգակի մասին, եթե կուզես սովորել, ճշմարիտը կասեմ քեզ։ Նա այս աշխարհի արարածների մի մասն է, շատ մասերից մի որոշված մաս. ոմանք նրանից վերև են, ոմանք ներքև։ Նա առանձին սուրբ և հստակ լույս չունի, այլ