Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/149

Այս էջը սրբագրված է

աստծու հրամանով նա իր ճառագայթները տարածում է օդի միջով և հրային մասով տաքացնում է իր կայանի ներքևը գտնվող բոլոր արարածներին։ Իսկ վերիններն ամենևին մաս չունեն նրա ճառագայթներից, որովհետև լույսը նրա գնդի մեջ տեղավորված է ինչպես մի ամանում, և բերանը դեպի քած բաց արած՝ լույսը թափում է դեպի ներքև, որպեսզի ներքևում ապրողներս վայելենք։ Ինչպես, օրինակ, մի նավ թռչում-սահում է ծովային անհուն ջրերի վրայով, անգիտությամբ ճանապարհ է կտրում հմուտ և ճարտար նավապետի ղեկավարությամբ, այդպես էլ արեգակը իր կառավարի ձեռքով փոփոխում է իր շրջանը տարևոր ժամանակում։

«Եվ ինչպես որ այս աշխարհի ուրիշ մասերը հաստատված են մեր կյանքի համար, նա էլ, ինչպես մյուս մասերից մեկը, տրված է մեզ լույս տալու համար, ինչպես լուսինն ու աստղերը և հարածուփ օդերն ու անձրևաբեր ամպերը, նույնպես և երկրիս մասերից՝ ծովն ու գետերը, աղբյուրներն ու բոլոր պիտանի ջրերը, նույնպես և ցամաքայիններն իրենց բոլոր պիտույքներով։ Սրանցից և ոչ մեկին էլ չպետք է աստված անվանվել, իսկ եթե մեկը համարձակվի ասել, իր անձը կորցնում է տգիտաբար, իսկ նրանք էլ աստված անունով մեծարվելով՝ ոչ մի օգուտ չստացան։ Մի իշխանությունը երկու թագավոր չի ունենում. և եթե մարդն այդ բանը հանձն չի առնում, որքա՜ն ավելի հեռու է Աստծու բնությունից այդպիսի խառնաշփոթ կարգը։

«Արդ՝ եթե ուղում ես ճշմարիտը սովորել, քաղցրացրու սրտիդ ժանտությունը և բաց արա՛ մտքիդ աչքերը և արթնության վիճակում կուրորեն մի՛ գնա խավարի միջով. ինքդ ընկել ես խորխորատը և բոլորին էլ կամենում ես քաշել քեզ մոտ։ Եվ եթե քոյինները գալիս են մոլար ուսմունքիդ հետևից, առանց տեսնելու և հասկանալու, մեզ էլ այդպես մի՛ կարծի, որովհետև մեր մտքի աչքերը բաց են և սրատես ենք։ Այս մարմնավոր աչքերով տեսնում ենք արարածներին և հասկանում ենք, որ սա ուրիշն է ստեղծել, և բոլորն էլ ապականացու են։ Իսկ բոլորի արարիչն անտեսանելի է մարմ-