Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/150

Այս էջը սրբագրված է

նավոր աչքերի համար, և նրա զորությունը մտքով է հասկացվում։

«Եվ որովհետև մեզ տեսավ մեծ տգիտության մեջ և խղճաց մեր անուսումնությանը, որով մենք էլ ձեզ նման տեսանելի [արարածներին] արարիչ էինք կարծում և ամեն տեսակ անկարգություններ գործում, այդ պատճառով էլ իր սիրով եկավ մարդկային մարմին առավ և մեզ սովորեցրեց իր աներևույթ աստվածությունը։ Նա, որ իրեն բարձրացրեց կախաղանի խաչի վրա, քանի որ մարդիկ մոլորվել էին այդ լուսավորների հետևից, արեգակին զրկեց իր ճառագայթների լույսից, որ խավարն սպասավոր լինի նրա մարդկությանը. որպեսզի ովքեր ձեզ նման անարժան լինեն, իրենց կյանքը չտեսնեն մեծ անարգության մեջ։ Այդպես և այսօր. ով չի խոստովանում խաչված աստծուն, նույն խավարն է պատել նրա հոգին ու մարմինը. ինչպես որ դու էլ այսօր նույն խավարի մեջ ես և դեռ մեզ էլ չարչարում ես։ Պատրաստ ենք մեռնելու մեր Տիրոջ նման. ինչպե՛ս և ի՛նչ կերպ ուզում ես՝ կատարի՛ր քո դաժան կամքը»։

Այն ժամանակ, երբ անօրեն Դենշապուհը նայեց նրանք և տեսավ բոլորին մեծ ուրախության մեջ և զվարթ, հասկացավ, որ նրանց վրա ազդեցություն չեն ունենում սպառնական և հորդորական խոսքերը։ Հրամայեց առաջ բերել ամենակրտսերներից մեկին, Արշեն անունով մի երեցի, որի մասին առաջ հենց կասկած էր առաջացել սրբերի մեջ։ Կապեցին ոտներն ու ձեռները և այնպիսի մեծ ուժով ձիգ տվին, մինչև որ բոլոր ջղերի ճարճատյունը կտրվեց, և այսպես երկար ժամանակ մնաց անտանելի պրկոցի մեջ։

Սուրբն իր բերանը բաք արեց և ասաց, «Ահա իմ շուրջը պատեցին բազմաթիվ շներ և չարերի ժողովը պաշարեց ինձ. ծակերին իմ ոտներն ու ձեռները, և իմ բերանի փոխարեն բոլոր ոսկրներս աղաղակեցին[1]։ Լսի՛ր ինձ Տե՛ր, և լսի՛ր իմ ձայնին, և ընդունի՛ր իմ հոգին քո սուրբ զորականների ժողովում, որ երևաց քո նորակերտ ձեռակերտին։ Ես որ ամեն-

  1. Սաղմ. ԻԱ 17-18: