Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/153

Այս էջը սրբագրված է

մեր թագավորի հրամանից դուրս գալ, և ո՛չ էլ կարող ենք մեր անանց կյանքը փոխանակել այս աշխարհի ապականացու պատրանքների հետ։

«Իսկ ինձ համար որ ասացիր, թե բժիշկներից առողջություն չգտնելով՝ մահն ավելի է սիրում, քան թե կյանքը, այդ խոսքերը վայել չեն այն մարդկանց, որոնք տեսնում են այս աշխարհի բոլոր չարչարանքները։ Հապա՛, մի փոքր մեղմի՛ր այդ զայրագին սրտմտությունդ և հետևի՛ր իմ ճշմարիտ խոսքերին և կարգով նայի՛ր աշխարհիս գործերին։ Մահկանացուներիցս ո՞վ է, որ անտրտում կյանք ունի. չէ՞ որ ահա բոլորն էլ ախտերով լի են, ո՛րը ներսից և ո՛րն էլ դրսից — ցուրտ ու տոթ, քաղց ու ծարավ և ամեն տեսակ աղքատություն ու կարիք։ Դրսից՝ անիրավություն, հափշտակություն, գեճ պղծություն ու անառակություն. ներսից՝ ամբարշտություն, ուրացություն, տգիտություն, անդարձ մոլորություն կամավոր ազատությունից։

Բայց դու որ բժիշկներին մերժելով անարգեցիր, թե ես նրանց միջոցով առողջություն չեմ գտել, այդ էլ զարմանալի չէ, որովհետև նրանք էլ մարդ են. ցավ կա, որի առողջացման հնարը գտնում են, և ցավ էլ կա, որ նրանց հնարներին չի ենթարկվում. որովհետև բոլորս էլ մահկանացու ենք, թե՛ բժշկողը և թե՛ բժշկվողը։ Բայց երանի թե դուք էլ բժշկական արվեստից օրինակ առնեիք, որովհետև փոքր չէ նրանց բժշկության ճշմարտությունը։ Որովհետև երբ նրանք մեկին հիվանդացած են տեսնում, չեն դանդաղում նրանց մոտ գնալ, այլ շտապում են հնար գտնել և առողջացնել։ Մանավանդ եթե արքունիքում թագավորի սիրելիներից մեկը հիվանդանա, և մեծ հրապարակը հասնելով բժիշկը տեսնի պատվավոր մարդկանց մի բազմություն և գեղեցիկ ու առողջ երիտասարդներ, և է՛լ ավելի ներս մտնելով արքայական սրահները՝ այնտեղ տեսնի բոլոր սպասավորների չքնաղ և սքանչելի տեսքը, նա ամենևին չի զարմանա այդ հրաշակերտ տեսարանով։ Նաև, եթե ականակուռ և ամբողջովին ոսկեղեն լինի այն մահիճը, որի վրա դրված է հիվանդը, նա այդ բոլորի վրա բնավ ուշադրություն չի դարձնի. այլ կհրամայի հեռաց-