Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/154

Այս էջը սրբագրված է

նել ոսկեհուռ վերարկուները, և ձեռքը ներս տանելով, կզննի ամբողջ մարմինը՝ արդյոք ջե՞րմ է բնությունը, և սիրտն արդյոք հանգի՞ստ է իր տեղում, և կամ թե լյարդը փափո՞ւկ է, և կամ թե երակների շարժումը կարգի՞ն է. դրա համեմատ էլ բուժելու դարման կանի՝ առողջություն շնորհելով նրան։

«Իսկ արդ, եթե մարդկային բժշկությունը այսպես գիտե արհամարհել ամեն բան և միայն իր արվեստն առաջ տանելով գործ կատարել, որքա՞ն ավելի արժան է ձեզ, որ այս ամբողջ աշխարհը [ձեր] մեծ իշխանության տակ եք առել, հոգ տանել նախ ձեր հոգիները բժշկելու այս աշխարհի ամեն տեսակ ախտալիը մոլորություններից. իսկ մարմնով բոլորն էլ արդեն ձեր ծառայության մեջ էին։ Այժմ, որ դուք տգիտացել եք և անմահ հոգիներդ մահկանացու եք դարձրել Գեհենի անշեջ կրակի համար, ուզեք-չուզեք՝ մարմնով էլ բռնված եք անբուժելի ցավերով. և մեզ նախատում եք մարմնի ցավերի համար, որ մեր ազատ կամքից չեն առաջացել, այլ ինչպես յուրաքանչյուր մարդու պատահում է մարմնի բնության համեմատ։

«Եվ Քրիստոսը՝ կենդանի և կենդանարար ճշմարիտ աստվածը՝ իր բարերար կամքով հոգիների և մարմինների բժիշկ դարձավ. և նախ ինքն իր չարչարանքների ցավերի միջոցով բժշկեց ամբողջ մարդկային ազգը։ Եվ սրանից էլ ավելի խանդաղատելով ու գթալով՝ կրկին ծննդյամբ ծնեք մեզ անցավ և անվերք առողջությամբ, առողջացրեց գաղտնի հարվածներից վիշապի հասցրած հին վերքերը, և մեզ դարձրեց հոգով ու մարմնով անսպի և անարատ, որպեսզի բանակակից լինենք հրեշտակներին և զորք՝ մեր երկնավոր թագավորի համար։ Իսկ դու այս չիմանալով և վայելած լինելով աստծու երկնավոր պարգևները՝ չես էլ կամենում մեզնից սովորել, և դեռ մեզ էլ կամենում ես մոլորեցնել, որ անհնար է և չի լինի, և չես կարող անել։

«Իսկ իմ ցավագար մարմնիս մասին հակիր՝ կասեմ քեզ։ Շատ ուրախ եմ, երբ իմ մարմինը չարչարված եմ տեսնում. գիտեմ, որ իմ մեջ զորանում է հոգուս առողջությունը։ Մանավանդ որ ինձ համար գրավական ունեմ հեթանոսների մեծ