Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/156

Այս էջը սրբագրված է

Եպիսկոպոսն ասաց, «Համը տարրերին աստված ես անվանում և քո պատկերակից մարդկանց ուզում ես մորթոտել. քո թագավորի հետ միասին պատասխան պիտի տաս աստծու անկաշառ ատյանի առաջ։ Եվ ինչ որ քո չար կամքով ուզում ես լսել ինձնից, այդ ես կասեմ քեզ։ Արդարև կրակատունը ե՛ս ավերեցի և մոգերին ծեծելով չարչարեցի, և տան մեջ գտնված պղծության սպասները ե՛ս նետեցի ծովը։ Բայց կրակն ո՞վ կարող է սպանել, որովհետև արարածների ամենիմաստ արարիչը առաջուց հոգ տանելով՝ չորս նյութերի բնությունը հաստատել է անմահ։ Հապա՛, եթե կարող ես, սպանի՛ր օդը կամ փչացրո՛ւ հողը, որ խոտ չբուսցնի, գետը մորթի՛ր, որ մեռնի։ Եթե այս երեք բանը կարող ես անել, կրակն էլ կարող ես սպանել։

«Բայց քանի որ մեր ճարտարապետը այդ չորս տարրերն անքակտելի կերպով միացրել է, ուստի և կրակի բնությունը գտնվում է քարերի և երկաթների և զննելի բոլոր տարրերի մեջ, ինչո՞ւ ես ինձ ստությամբ զրպարտում, թե դու կրակն սպանել ես։ Հապա՛, սպանի՛ր արեգակի ջերմությունը, որ կրակի մասն ունի, և կամ հրաման տո՛ւր, որ երկաթից կրակ չթափվի։ Մեռնում է այն, որ շնչում է և շարժվում, դնում, ուտում է ու խմում. ե՞րբ ես տեսել, որ կրակը գնա կամ խոսուն ու գիտուն լինի։ Արդ, ինչ որ կենդանի չես տեսել, մեռա՞ծ ես ընդունում։ Որքա՜ն ավելի աններելի է ձեր ամբարշտությունը, քան բոլոր հեթանոսներինը, որոնք ավելի գիտուն են, քան թե դուք. նրանք թեև ճշմարիտ աստծուց մոլորված են, բայց անխոս տարրերին աստված չեն ընդունում։ Այժմ, եթե դու անգիտությամբ կորնչելի ես ասում կրակի բնությունը, այս արարածները քո ասածը չեն ընդունի, որովհետև դա խառն է բոլորից»։

Դենշապուհն ասաց. «Ես քեզ հետ ամենևին վեճի ու քննության մեջ չեմ մտնում այս արարածների բնության վերաբերմամբ. այլ խոստովանվիր ինձ՝ կրակը դո՞ւ ես հանգցրել, թե՞ ոչ»:

Պատասխան տվեց երանելին և ասաց. «Որովհետև չկամեցար ճշմարտությանն աշակերտ լինել, կասեմ քեզ քո հոր՝