Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/158

Այս էջը սրբագրված է

խատեց և կրոնն անարգեց։ Ուստի և մինչև իսկ վախեցավ հարվածներ ու տանջանքներ տալ նրան, որ չլինի թե ավելի մեծ անարգանքներ ասել տա թագավորի մասին ատյանի մեջ, և իրեն վրա կասկած ընկնի իբրև այդ անարգանքների պատճառ, որ այնքան համբերողությամբ վեճի մեջ մտավ նրանց հետ։

Եվ որովհետև սուրը մեջքին կապած նստած էր ատյանում, սարսափ գցելով սրբերի վրա, մռնչաց ինչպես զայրացած առյուծ, և հանելով սուրը՝ գազանաբար հարձակվեց երանելիների վրա և կտրեց եպիսկոպոսի աջ ուսը թիկունքի հետ միասին և նրա ձեռքը վայր գցեց։ Իսկ նա ձախ կողմի վրա գետին ընկնելով՝ նորից զորացավ, աջ ձեռքը վեր բարձրացրեց, բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ընդունի՛ր, Տե՛ր, այս կամավոր զոհը, որ ինքս ինձ ամբողջովին մատուցի քեզ, և խառնի՛ր ինձ քո սուրբ զինվորների գնդին»։

Դարձյալ քաջալերում էր իր ընկերակիցներին և ասում. «Դե՛հ, առաքինինե՛ր, ահա հասել է մեր նահատակության ժամը. մի վայրկյան փակեցեք մարմնավոր աչքերդ և իսկույն կտեսնեք մեր հույս Քրիստոսին»։ Եվ իր արյունի մեջ թավալվելով՝ ասում էր. «Կօրհնեմ տիրոջը ամեն ժամանակ, նրա օրհնությունը միշտ իմ բերանում է։ Տիրոջով թող պարծենա իմ անձը. հեզերը լսեն և ուրախ լինեն»[1]։ Եվ այս սաղմոսն ասելաթ հասցրեց մինչև այստեղ. «Արդարները շատ նեղություններ ունեն, այդ բոլորից կփրկի նրանց Տերը և կպահի նրանց բոլոր ոսկրները»[2]։

Եվ մինչդեռ մի քիչ ուժ կար մարմնում, հենց իր աչքերով նայեց ու տեսավ, որ երկնքից գալիս էին հրեշտակների շատ գնդեր և վեց պսակ կար հրեշտակապետերի ձեոին։ Նույնպես և ձայն լսեց վերևից, որ ասում էր. «Քաջալերվեցե՛ք, ի՛մ սիրելիներ, որովհետև ահա մոռացաք ձեր այդ վշտալի կյանքը և հասաք այս երանելի պսակներին, որ ձեր ճարտարությամբ կազմեցիք, վերցրեք և դրեք յուրաքանչյուրդ իր

  1. Սաղմ. ԼԳ 2:
  2. Սաղմ ԼԳ 21: