Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/164

Այս էջը սրբագրված է

հագնում, ջոկվում-հեռանում է և միայնակ է նստում և ամենևին ոչ ոք չի համարձակվում մոտ գնալ նրանց։ Իսկ դու այդպես պարծենալով ես խոսում, ինչպես մի անմեղ մարդու աշակերտ»։

Սրան պատասխան տվեց Խորենը և ասաց. «Ո՛չ ձեր կարգն է անիրավ և ո՛չ մերը սուտ. հանցավոր նախարարը ումից որ պարգև էր ստացել, այնպես պետք է հնազանդ լիներ նրան, որ բացի իր ունեցած շուքից ուրիշ մեծամեծ պարգևներ էլ ստանար նրանից։ Արդ, քանի որ այդ չի արել, նրան ձախողակի հակառակ բաներն են պատահել։ Եվ մեր ուսուցիչներն էլ, եթե հանցանք գործած լինեին աստծու դեմ և կամ որևէ կերպ մեղանչած թագավորի դեմ, նույն ձևով էլ մենք նրանց հետ կվարվեինք. ոչ մեր աշխարհում նրանց մոտ կգնայինք և ո՛չ էլ նրանց հետևից այս օտար աշխարհը կգայինք։ Բայց քանի որ երկու կողմերի վերաբերմամբ էլ արդար են վարվել, և դուք զուր ու անմեղ սպանեցիք նրանց, այժմ մենք է՛լ ավելի ենք սպասավորում նրանց սուրբ ոսկրներին»։

Դահճապետն ասաց նրան. «Ես արդեն առաջուց ասացի, թե դու մի շատ հանդուգն մարդ ես, ահա պարզ հայտնվեց, որ նրանց բոլոր հանցանքների մեջ դուք էլ խառն եք»։

Արրահամն ասաց. «Ո՞ր հանցանքի»։

Դահճապետն ասաց, «Նախ՝ մոգերի սպանման և ապա մնացած բոլոր հանցանքների մեջ»։

Արրահամն ասաց. «Այդ ո՛չ միայն մեզնից է, այլ նաև ձեր օրենքների կարգի համեմատ. թագավորները հրաման են տալիս ձեզ, իսկ դուք գործում եք ձեր սպասավորների ձեռքով»։

Դահճապետն ասաց, «Միհր աստուծով եմ երդվում, որ դու ավելի խիստ ես խոսում, քան թե քո ուսուցիչները. դրանից երևում է, որ դուք նույնիսկ ավելի վնասակար եք։ Արդ, ձեզ համար մահվանից փրկվելու հնար չկա, բացի արեգակին երկրպագելուց և մեր կրոնի պատվերները կատարելուց»։

Խորենն ասաց. «Մինչև այժմ իբրև մարդ էիր չարախո-