Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/165

Այս էջը սրբագրված է

սում, իսկ այժմ իբրև անպիտան շուն ես վայրահաչում։ Եթե արեգակն ականջներ ունենար, դու նրան նախատել կտայիր. բայց նա բնությամբ անզգա է, իսկ դու չարությամբ ավելի անզգա ես, քան թե նա։ Ինչի՞ մեջ մեզ ավելի պակաս տեսար, քան մեր հայրերն էին։ Չլինի՞ թե խոսքերով ուզում ես փորձել մեզ. այլ հանդես բեր քո չարությունն ու մեր բարությունը, և թող ամոթով մնա քո հայր սատանան ո՛չ միայն մեզնից, որ ավելի կատարյալ ենք, այլև ով քեզ խիստ փոքրիկ է թվում, նա էլ սաստիկ վերքեր կհասցնի քո հոգուն ու մարմնին»։

Երբ այս լսեց դահճապետը՝ սաստիկ բարկացավ նրանց վրա։ Առաջիններից ավելի գետնաքարշ անել տվեց նրանց. և այնքան սաստիկ գետնաքարշ արին, որ շատերը կարծեցին, թե մեռան։

Բայց երբ երեք ժամ անցավ, նորից սկսեցին խոսել երկուսը և ասացին. «Քիչ ենք համարում այս անարգանքը և ոչինչ մեր մարմնին տված ցավերը՝ աստծու մեծ սիրո հանդեպ, որով նահատակվեցին մեր հոգևոր հայրերը։ Հապա՛, կանգ մի՛ առնի և մի՛ դադարի, այլ ինչ որ նրանց վերաբերմամբ արիր, նույնը կատարի՛ր նաև մեր վերաբերմամբ։ Եթե նրանց գործերը քեզ վատթար են թվում, մերը կրկնապատիկ համարիր. որովհետև նրանք խոսքով էին հրամայում, իսկ մենք գործով կատարում էինք հրամայվածը»։ Այն ժամանակ է՛լ ավելի զայրացավ նրանց վրա և հրամայեց մահու ծեծ տալ նրանց։ Նրանցից ամեն մեկին վեցական դահիճ փոխվեց, և մինչդեռ կիսամեռ ընկած էին գետնի վրա, հրամայեց երկուսի ականջները տակից կտրել։ Եվ այնպես խոր կտրեցին, որ կարծես երբեք իրենց տեղում չէին եղել։

Սաստիկ հարվածներից զարթնեցին ինչպես քնից, սկսեցին աղաչել ու պաղատել և ասացին. «Աղաչում ենք քեզ, թագավորի քա՛ջ զինվոր, կա՛մ մեզ էլ մահով սպանի՛ր, ինչպես մեր հայրերին, և կամ մեր պատիժն էլ վերջիններիս նման արա։ Որովհես և ահա մեր լսելիքն առողջացան երկնային առողջությամբ, իսկ հոտոտելիքը դեռ