Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/166

Այս էջը սրբագրված է

մնում են իրենց տեղերում ցավ ու չարչարանքի մեջ. կիսապարգև մի՛ անի մեզ երկնքի բարությունից։ Մեր մարմինները սրբեցին քարշ տալով և մեր լսելիքը՝ կտրելով սրբի՛ր նաև մեր քթերը կտրելով. որովհետև որքան մեզ տգեղացնես այս հողեղեն մարմնով, այնքան ավելի կգեղեցկացնես հոգևորով։

Դահճապետը մեղմորեն պատասխան տվեց և ասաց. «Եթե ես ավելի երկար մնամ ձեզ մոտ, կարծեմ ինձ էլ ձեր համառության աշակերտ կդարձնեք։ Ահա հայտնում եմ ձեզ նաև թագավորի կամքը։ Ձեզ պատմելու վերաբերյալ եղած հրամանն այդքան էր. իսկ այդ պատժից հետո դուք պետք է գնաք Ասորեստան և մշակություն անեք արքունի գործերում, որպեսզի ով ձեզ նայի՝ այդ նույն համառության մեջ հաստատ չմնա թագավորի հրամանների դեմ»։

Երանելիներն ասացին նրան. «Դու մեր երկիրը կիսագործ թողիր, մենք արքունի երկրում մեր կես մարմիններով չենք կարող աշխատել»։

Երբ այս լսեց դահճապետը, նրանց տանող զինվորներին աղաչեց և ասաց. «Այստեղից դուք առեք էթացեք միայն, երբ Ասորեստան հասնեն, թող շրջեն՝ ուր կամենում են»։

Սրանք են հայոց կատարյալ խոստովանողներր, որոնք ուրախությամբ իրենց անձերի վրա ընդունեցին խեղությունն ու չարչարանքը: Բայց որովհետև ազատվեցին սուրբ մահից, սգով ու տրտմությամբ էին գնում երկար ճանապարհը: Նրանց ծանր չէին թվում ոտների և ձեռների կապանքները. այլ ավելի այն, թե ինչո՞ւ արժանի չեղանք հավասարվելու քաջ նահատակներին։

Երբ նրանց տարան-հասցրին թաբելացոց երկիրը, մի գավառ, որ Շահուղ է կոչվում, թեպետ և արքունի պատժի ենթակա էին, սակայն թե՛ հայտնի և թե՛ գաղտնի մեծ ընդունելություն գտան այն երկրի բնակիչների կողմից։ Բայց երանելիներն. այնուամենայնիվ. խիստ տխուր էին այն իմաստով, թե քիչ ենք աշխատել և շատ ենք հանգստանում. և շարունակ նույն մտատանջության մեջ էին։

Նրանք աշխատում էին տեսնել նախարարների սուրբ