Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/168

Այս էջը սրբագրված է

տանան նրանց ծերերը, նրա շնորհիվ նրանց իշխանները մարդասիրություն կսովորեն, նրա շնորհիվ Աստծուց գութ կընկնի թագավորի սիրտը՝ շենացնել ամբողջ երկիրը և խաղաղություն տալ նրան։ Նրանով կպարծենան եկեղեցիներն իբրև կատարյալ և քաջ զինվորով, նրանով կզարդարվեն վկայարանները, նրանով վկաներն էլ կցնծան և կբերկրին։ Նրանով նաև Ավարայրի դաշտը պայծառանալով՝ ծաղիկներով կլցվի, ո՛չ թե անձրևաբեր ամպերից, այլ նահատակների սուրբ արյունով և նրանց ցիրուցան եղած սուրբ ոսկրների սպիտակությամբ։ Երբ Խոստովանողն իր բազմավաստակ ոտքը դնի պատերազմի լայնատարած տեղերը, թեև ըստ իր բնության հող է, երբ կենդանի մարտիրոսը շրջի այնտեղ, կենդանին կենդանիների մոտ գնալով՝ ամբողջ աշխարհը նորից կենդանություն կստանա։

«Գիտենք, ասում են, երբ սրան տեսնեն Հայոց աշխարհի բոլոր միայնակյացները, սրանով կհիշեն պատերազմողների հոգևոր խմբերին, որոնք իրենց անձը, ասում են, մեր փոխարեն մահվան ենթարկեցին և իրենց արյունը թափեցին իբրև հաշտության զոհ աստծուն։ Սրանով կհիշեն այն սուրբ քահանաներին, որոնք սրախողխող արվեցին այս օտարության մեջ և իջեցրին թագավորի սաստիկ բարկությունը։ Սրանով թերևս մեր կապանքներն էլ հիշեն և աղոթք անելով խնդրեն աստծուն, որ մեզ համար գերությունից դարձ լինի դեպի մեր հայրենի երկիրը։

«Որովհետև սաստիկ փափագում ենք ոչ միայն մարմնավոր կարոտը լցնելու, այլ ավելի ևս տեսնելու մեր սուրբ եկեղեցիներն ու մեր սրբասեր պաշտոնյաներին, որոնց մենք նշանակեցինք ու հաստատեցինք այնտեղ։ Եվ եթե մյուս անգամ աստված հաջողի մեզ գնալ և լրացնել մնացածների կարոտոթյունը, գիտենք, որ աստված մեզ համար էլ կրանա իր ողորմության դուռը՝ միևնույն ճանապարհով գնալու, որով այս սրբի ոտքերը կառաջնորգեն»։

Այս խորհուրդը մտածելով աստվածաշնորհ նախարարները՝ մեծ թախանձանքով առան Խոստովանողի հավանությունը։ Եվ որովհետև երբեք սովորություն չուներ բարի