Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/17

Այս էջը սրբագրված է

աշխարհի սահմաններին մոտիկ, և Կորդվաց և Դասն և Ծավդեից և Արզնարզյուն [երկրներից], որոնք բոլորն էլ հավատում էին մի կաթողիկե առաքելական եկեղեցուն և մկրտված էին։

Եվ անմեղությամբ չիմանալով թագավորի խարդախ միտքը՝ յուրաքանչյուրը իր երկրից զվարթությամբ և տիրասեր խորհրդով ելան-գնացին, աներկբա հավատով կատարելով [իրենց] զինվորական ծառայությունը։ Իրենց հետ վերցրին նաև աստվածային սուրբ կտակարանները շատ պաշտոնյաներով և քահանաներով։ Բայց հրաման տվին իրենց աշխարհում, որ կյանքի ակնկալություն չունենան, այլ իրենց վախճանին [սպասեն], հանձնարարելով միմյանց իրենց հոգիներն ու մարմինները։ Որովհետև թեպետև թագավորի մտադրությունը նրանց հայտնված չէր, բայց բոլորի սրտում էլ կասկած կար, մանավանդ երբ հույների զորությունն էլ ընկճված տեսան նրա առաջ, շատ խիստ խոցվեցին իրենց մտքերում։

Բայց որովհետև Աստծու սուրբ կտակարանների պատվիրանները պահող մարդիկ էին, շարունակ հիշում էին Պողոսի պատվերները, թե՝ «Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ թե կեղծավորությամբ և աչառությամբ, այլ սրտանց ծառայեցեք ինչպես Աստծուն և ոչ ինչպես մարդկանց, որովհետև տիրոջից է լինելու ձեր արդար վաստակների հատուցումը»[1]։

Այս ամբողջ բարեմտությամբ ուղևորվելով [իրենց] աշխարհից և իրենց հանձնելով սուրբ հոգուն, հրամանը շուտով կատարելով՝ ներկայացան, ամեն ինչ անելով նրա կամքի համաձայն։ Թագավորը շատ ուրախացավ՝ այն մտքով, թե իր կամքը կատարվեց, և ահա նրանց հետ վարվում էր այնպես, ինչպես խրատել էին նրա ամբարիշտ պաշտոնյաները։

Ապա, երբ թագավորը տեսավ բարբարոսների գնդի ամբողջ պատրաստությունն ու բազմությունը, որոնք հոժարակամ եկել էին արքունի ծառայության, ավելի ևս ուրախա-

  1. Կողոս. Գ. 22, հմմտ. Եփես. Զ 5: