Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/177

Այս էջը սրբագրված է

զբաղվեց, որ ամենևին չէր էլ հիշում, թե առաջ թագավոր է եղել։

Այս բոլոր երկարատև խռովությունները, որոնք շարունակվեցին մինչև արքայից արքա Պերոզի հինգերորդ տարին, պատճառ եղան Հայոց նախարարների չարձակվելուն։ Բայց [նախկին] տարիների սովորությունից ավելի շատացրեց նրանց ռոճիկները և արքունի խնջույքներին մասնակցելու իրավունք տվեց։

Եվ նույն հինգերորդ տարում նրանցից շատերին կրկին շնորհեց նրանց գույքը և մյուսներին էլ հույս տվեց, որ վեցերորդ տարին բոլորին անխտիր կարձակի իրենց գույքով ու պատվով։

Բայց ես դարձյալ պիտի վերադառնամ այս կետին։ Իսկ երանելի առաքինիների և կապվածների ու պատերազմում ընկածների կանանցն ամբողջ Հայոց աշխարհում ես հաշվել չեմ կարող, որովհետև չիմացածներս ավելի շատ են, քան թե իմացածներս։ Հինգ հարյուրի չափ անուն-անուն ճանաչում եմ, ո՛չ միայն նրանցից, ովքեր ավագագույններից էին, այլև շատերին կրտսերագույններից։

Բոլորը միահամուռ երկնավոր նախանձով լցված ամենևին պակաս չմնացին նրանցից, ովքեր աշխարհ չէին մտել։ Որովհետև թե՛ ավագագույնները և թե՛ մանկագույնները հավատի միևնույն առաքինությամբ զգեստավորվեցին։ Ամենևին չհիշեցին մայրենի ազատության փափկության անունը, այլ իբրև այնպիսի մարդիկ, որոնք հենց սկզբից նեղությունների են համբերել շինական սովորությունների օրինակով և տանջվելով են անցկացրել իրենց կյանքը, նրանցից է՛լ ավելի մեծ վշտերի համբերել հանձն առան։

Ո՛չ միայն իրենց հոգիների մեջ մխիթարված էին հավիտենական հույսի աներևույթ զորությամբ, այլև մարմնի նեղություններով է՛լ ավելի կրեցին ծանր բեռը։ Որովհետև թեպետ ամեն մեկն էլ իրենց ձեռնասուն սպասավորներն ունեին, բայց նրանց մեջ չէր երևում, թե ո՛րն է տիկինը և կամ ո՛րը նաժիշտը. բոլորի զգեստները միատեսակ էին և միապես երկուսն էլ պառկում էին գետնին։ Ոչ մեկը մյուսի