Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/180

Այս էջը սրբագրված է

և հեռվից մխիթարիչ վարդապետներ եղան բանտարկվածներին։ Իրենց մատներով աշխատեցին ու կերակրվեցին, և թագավորից նրանց համար նշանակված ռոճիկը տարեցտարի թոշակ էին անում և նրանց ուղարկում մխիթարելու համար։ Նմանվեցին անարյուն ճպուռներին, որոնք իրենց երգի քաղցրությամբ ապրում են առանց կերակրվելու և կենդանի են միայն օդ ծծելով՝ նմանվելով անմարմին հրեշտակներին։

Շատ ձմեռների սառույցներ հալվեցին, գարուն հասավ և նոր ծիծեռներ եկան. կենցաղասեր մարդիկ տեսան և ուրախացան, բայց նրանք երբեք չկարողացան տեսնել իրենց անձկալիներին։ Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հավատարիմ ամուրիներին, բայց նրանց աչքերը կարոտ մնացին նրանց երեսների ցանկալի գեղեցկությունը տեսնելու։ Որսի բարակները վերջացան, և բոլորովին դադարեցին որսորդների արշավանքները։ Նրանք հիշվեցին միայն գրված հիշատակարաններով, և ոչ մի տարեկան տոն նրանց հեռու օտարությունից տուն չբերեց. նրանց ճաշատեղերին նայեցին ու արտասվեցին և բոլոր ատյաններում հիշեցին նրանց անունները։ Շատ արձաններ էին կանգնեցրած նրանց անվանը, և ամեն մեկի անունը նշանակված էր նրանց վրա։

Եվ մինչդեռ այսպես ամեն կողմից ալեկոծվում էին նրանց մտքերը, նրանք ամենևին չթուլացան երկնավոր առաքինությունից։ Դրսից նայողներին երևում էին որպես սգավոր և չարչարված այրիներ, իսկ իբենց սրտերում զարդարված ու մխիթարված էին երկնավոր սիրով։

Այլևս սովորություն չարին հեռու երկրից եկած մեկին հարցնելու, թե ե՜րբ կլինի, որ տեսնենք մեր սիրելիներին. այլ այն էր նրանց իղձն ու աղոթքն առ աստված, որ ինչպես սկսել են, այնպես էլ քաջությամբ ու երկնավոր սիրով լի նույնը գլուխ հանեն-վերջացնեն:

Ե՛վ մենք, և՛ նրանք առհասարակ ժառանգենք երկնքի արքայությունը և հասնենք այն ամենին, ինչ որ խոստացված է աստծու սիրելիներին հանուն մեր տեր Հիսուս Քրիստոսի։