Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/19

Այս էջը սրբագրված է

նույն մտքով, Հայոց երիտասարդ նախարարներից մեկն ընդդիմաբանեց նրան և ասաց. «Քա՛ջ թագավոր, դու որտեղի՞ց գիտես Տիրոջ մասին այդ բաները, որ խոսում ես»։ Թագավորը պատասխան տվեց և ասում է. «Հենց իմ առաջ կարդացին ձեր մոլորության գրքերը»։ Կրկին պատասխան տվեց պատանյակն և ասում է. «Թագավո՛ր, ինչո՞ւ մինչև այդտեղ միայն կարդալ տվիր. շարունակել տուր կարդալը, և այնտեղ կլսես հարությունը, շատերին հայտնվելը, երկինք վերանալը, հոր աջ կողմը նստելը, երկրորդ գալստյան խոստումը՝ բոլորին հրաշալի կերպով հարություն տալով, արդար դատաստանի համառոտ հատուցումը»: Երբ թագավորն այս լսեց, խոր խոցված՝ երեսանց ծիծաղեց և ասաց. «Այդ բոլորը խաբեություն է»։ Քրիստոսի զինվորը պատասխան տվեց և ասաց. «Եթե քեզ համար հավատալի են նրա մարմնավոր չարչարանքը, է՛լ ավելի հավատալի պիտի լինի քեզ համար նրա երկրորդ ահավոր գալուստը»։

Թագավորը այս լսելով՝ բորբոքվեց Բաբելոնի հնոցի կրակի նմանէ այնպես որ մինչև անգամ յուրայինները ևս քաղդեացիների նման այրվում էին։

Այն ժամանակ ամբողջ բարկությունն ու զայրույթը թափեց այն երանելի մարդու վրա, որի անունը Գարեգին էր։ Կապված ոտներով ու կապված ձեռներով երկու տարու չափ հանձնվեց չարչարանքների, և իշխանությունից զրկվելով՝ մահվան դատապարտվեց։