Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/51

Այս էջը սրբագրված է

մոգերի ուսմունքն ու վարդապետությունը։ Ազատների և շինականների տղաներն ու աղջիկները պետք է կրթվեն նույն մոգերի հրահանգների համաձայն։ Պետք է կարճվի և արգելվի սուրբ ամուսնության օրենքը, որ ունեին նայսնիքներից քրիստոնեության սովորության համաձայն. մեկ կնոջ փոխարեն թող շատ կանայք առնեն, որպեսզի Հայոց ազգն աճի բազմանա։ Աղջիկներն ամուսնանան [իրենց] հայրերի հետ, և քույրերը՝ եղբայրների հետ. մայրերը չխորշեն [իրենց] որդիներից, այլև թոռները մտնեն [իրենց] պապերի անկողինը։

Զոհելու կենդանիները չմորթվեն առանց [աստվածներին] նվիրվելու, թե՛ ոչխար լինի, թե՛ այծ, թե՛ արջառ, թե՛ թռչուն և թե՛ խոզ։ Խմորն առանց փանդամի չհունցվի, ծիրտն ու քակորը կրակի մեջ չգցվեն. ձեռքերն առանց դումիզի չլվացվեն, ջրշուններն, աղվեսներն ու նապաստակները չսպանվեն։ Օձերն ու մողեսները, գորտերն ու մրջյունները և էլի ինչ-որ խառնափնթոր ճճիներ կան, ոչնչացվեն, և թվով ու համարով մեջ բերվեն արքունի չափի համեմատ։ Եվ էլի ինչ-որ այսպիսի ծառայություններ կան՝ զոհելու կամ մորթելու վերաբերյալ, ըստ տարեկան տոների և կապճաթիվ մոխրաչափ կարգով [պետք է կատարվեն]։

«Այս ամենը, ինչ որ ասացինք, միառժամանակ թող բոլորը կատարեն մինչև տարվա վերջը, իսկ մնացած բոլոր բաները հետագայում կպատրաստեն»։

Մոգերն ու մոգպետներն այս բոլոր հրամաններն ու պատվերները ստանալով՝ գիշեր ու ցերեկ շտապում էին հասնել Հայոց աշխարհը. և անչափ ուրախությունից բնավ չէին ձանձրանում ճանապարհի երկարությունից: