Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/55

Այս էջը սրբագրված է

սրտերի բարկությունից այլևս չկարողանալով համբերել, անջատվեցին հեռացան նախարարներից և ամբողջ բազմությունից և մեկին շտապով սուրհանդակ ուղարկեցին ձիով Հայոց աշխարհը։ Սա գույժը բերանն առած և օձիքը պատառելով հասավ եպիսկոպոսների ժողովին, սաստիկ արտասվելով կանգնել-պատմում էր չարչարանքների բոլոր անցուդարձը, բայց նրանց չէր հայտնում ծածուկ մտադրությունը:

Այն ժամանակ եպիսկոպոսները ցրվեցին ամեն մեկն իր իշխանությունը, և քորեպիսկոպոսներ ուղարկեցին գյուղերն ու ագարակները և լեռնային գավառների բազմաթիվ ամրոցները։ Դրդեցին հավաքեցին մեծ բազմությամբ այր և կին, շինական և ազատ, քահանա և միայնակյաց. խրատեցին, ամրապնգեցին և բոլորին Քրիստոսի զինվոր դարձրին։

Եվ խորհրդի առաջին վճիռն այս հաստատվեց, «Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել աստծու պատվիրանի ուխտից. հայրը չխնայի որդուն, և որդին չակնածի հոր պատվից։ Կինը կռվի իր ամուսնու դեմ, և ծառան դիմադրի իր տիրոջը։ Աստվածային օրենքը թագավորի ամեն բանում, և նույն օրենքից հանցավորներն ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը»։

Երբ այս այսպես հաստատվեց ու կարգավորվեց, բոլորն էլ զինված դուրս եկան՝ սաղավարտները գլուխներին, սրերը մեջքերին և վահանները ձեռներին, ո՛չ միայն քաջ տղամարդիկ, այլև արիասիրտ կանայք։

Իսկ Հայոց զորագունդը բոլոր օգնականներով ու բազմաթիվ մոգերով չորրորդ ամսին եկան հասան Հայոց աշխարհը, մի մեծ գյուղաքաղաք, որի անունն էր Անգղ։ Այդտեղ բանակ դրին, հավաքվեցին, տեղավորվեցին և ամեն կողմերից անթիվ բազմություն ժողովվեց այնտեղ։

Եվ այնպես պատահեց, որ քսանհինգ օրից հետո մի կիրակի օր մոգպետն ինքը մոգերի հետ միասին եկավ մեծ ուժով, որպեսզի քանդի եկեղեցու դռները. ուզում էր փորձել, թե գործն ինչ ընթացք կստանա։ Իսկ սուրբ Ղևոնդ երեցը առաջին խորհրդակիցների և բազմաթիվ ուխտակիցների հետ միաբան այնտեղ պատրաստ գտնվեց։ Թեպետև լավ տեղյակ