Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/64

Այս էջը սրբագրված է

բում. իրենց կյանքը մահ էին համարում, իսկ մահը՝ հավաստի կյանք։

Բայց շուտ-շուտ այս խոսքն էր լսվում. «Միայն թե քաջությամբ մեռնենք, միայն թե անուն և հոգի ժառանգենք, որ մեր մեջ կենդանի լինի Քրիստոսը, որի համար հեշտ է մյուս անգամ նորոգել մեզ հողից, ինչպես և նախկին բոլոր մեռածներին, և յուրաքանչյուրին հատուցանել իր գործերի համեմատն։

Այս և սրանից էլ ավելին խոսելով և իրենց ու միմյանց մխիթարելով՝ զինվորները մի անգամ էլ պատրաստեցին իրենց զենքերը, և աղոթավորները շարունակում էին իրենց աղոթքները, և պահեցողները ճգնում էին իրենց պահքի մեջ: Պաշտոնյաների ձայները գիշեր-ցերեկ անպակաս էին սուրբ սաղմոսները կարդալու մեջ. աստվածային կտակարանների ընթերցումը երբեք չէր դագարում ոչ մի ժամ, այդպես էլ՝ մեկնիչների երկնավոր վարդապետությամբ մխիթարելը։

Այն ժամանակ նորից հարձակվեցին այն բերդերի և ավանների վրա, որ երկրի զանազան ամուր տեղերում գրավել էին պարսիկները. կործանեցին-քանդեցին նրանց բնակությունները։ Նախ՝ մեծ Արտաշատը իր ավաններով. և առան անմատչելի ամրոցները՝ Գառնի քաղաքը, Անին, Արտագերսը և իրենց ավանները, Երկայնորդն ու Արխնին և իրենց ավանները, Բարձրաբողը, Խորանիստը, Ծախանիստը, ապահով Ողականը և սրանց հետ իրենց ավանները Արփանյալը, Վանավանը, նրա հետ նաև իր ավանները. Գռյալն ու Կապույտը, Որոտն ու Վաշակաշատը։

Այս բոլորն ամեն մեկն իր գյուղերով ու ագարակներով, զորքերով ու զորագլուխներով նույն տարին առան ու կործանեցին, և տղամարդկանց ու կանանց գերի տարան իրենց գույքերով ու ստացվածքներով, թանկագին գանձերով ու կահ-կարասիով։ Տապալում-քանդում էին նրանց շենքերը և հրկիզում էին կրակի պաշտամունքի տեղերը։ Մաքրում էին կռապաշտությունների պղծությունը և գրավում էին ատրուշանների սարք ու կարգը, բերում-գնում էին սուրբ եկեղեցում և սուրբ քահանաների միջոցով նվիրում էին ի ծառա-