Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/66

Այս էջը սրբագրված է

դարձավ այս կողմը, եկավ-մտավ մեր երկիրը. և շատ ուրիշ այրուձի էլ արքունիքից եկավ։ Եվ բացի այս ամենից՝ հետները բերել են նաև երեք հարյուր մոգ վարդապետներ, պառակտեցին աշխարհը և ոմանց իրենց կողմը գրավեցին և կամենում էին եկեղեցու վրա ձեռք բարձրացնել, թագավորի հրամանով ստիպում էին բոլորին և ասում էին. «Եթե հոժարակամ հանձն առնեք [մոգական] կրոնը, պարգևներ ու պատիվներ կստանաք նրանից, և արքունիքը կների ձեր հարկերը. իսկ եթե [ձեր] կամքով հանձն չառնեք այդ, մեզ հրամայված է գյուղերում և քաղաքներում ատրուշաններ շինել, և Վռամական կրակը դնել նրանց մեջ և ձեր ամբողջ երկրի վրա մոգեր ու մոգպետներ կարգել օրենսդիր: Եվ եթե որևէ մեկը անհնազանդ գտնվի և դիմադրի, ինքը մահվան պատիժ կկրի, իսկ նրա կինն ու որդիները երկրից արտաքսվելով՝ արքունի [կալվածներում աշխատելու] կգնան»։

Իսկ Հայոց զորքը երբ լսեց այս դառն գույժը, ամենևին չթուլացավ քաջությունից և չլքվեց, այլ դարձյալ ամբողջ երկրից համագունդ ժողով արին այն բոթաբեր պատգամավորների վերաբերմամբ, որոնք եկել էին նրանց մոտ։ Եվ միաբանությամբ քաջալերելով՝ արձակեցին նրանց, որպեսզի միառժամանակ սուտ խաբեությամբ ետ պահեն նրանց իրենց չար կամքը կատարելուց, թույլ չտան իրենց եկեղեցու սուրբ ուխտին դիպչելու. իսկ իրենք աստծու օգնությամբ խորհուրդ անելով մի ելք էին փնտրում գործի համար։

Այն ժամանակ մեծ նախարարներից մեկին Գնունյաց տոհմից՝ Ատոմ անունով, շտապով ուղարկեցին Արևմտյան երկիրը, որ Արևելքի չարամիտ թագավորի այս բոլոր մտադրությունները հայտնի, միաժամանակ պատմի նաև իրենց քաջությունները, որ կատարեցին գործով, ոտի տակ տալով ահեղ հրամանը, և մոգերին մեծապես սատկեցնելը, և նրանից օգնություն ու օժանդակություն խնդրի, և եթե նա կամենա, նրա ծառայության տակ մտնեն։

Եվ այս է այն գրության պատճենը, որ գրեցին Թեոդոս կայսրին.