Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/76

Այս էջը սրբագրված է

պատմեց թագավորին, շարժեց-գողացրեց նրան, և նա իր բոլոր ուժը կորցրեց-թուլացավ, մանավանդ որ արևելքի պատերազմից կորագլուխ էր վերադարձել և ոչ թե բարձրագլուխ։ Երբ իրեն մոտ հասած վերջին պատգամավորից ստուգեց ու հաստատեց ամեն ինչ, իր գործերի անհաջողության ամբողջ մեղքը խորհրդակիցների վրա գցեց։ Եվ այն ժամանակ մարեց նրա բոցավառ բորբոքումը, որովհետև փակվեց չար խրատատուների բերանը, որոնք անդադար հորդորում էին նրան դժնդակ գործեր կատարել։ Խոնարհվեց իր բարձր հպարտությունից և վայրենացած սիրտը մարդկային բնության փոխարկեց, նայեց ու տեսավ, որ ինքը լի է տկարությամբ, հասկացավ, որ չի կարող կատարել այն ամենը, ինչ որ կամենում է, այդ պատճառով էլ ետ կացավ այն հանդուգն հարձակումից և վերջ տվեց մոլեգնոտ գոռում-գոչումին։

Եվ նա, որ ահագին ձայնով որոտում էր և է՛լ ավելի ահեղ հրամաններով դողացնում էր հեռավորներին ու մերձավորներին, սկսեց քաղցր և աղերսական խոսքերով խոսել բոլորի հետ և ասել. «Ես ի՞նչ մի վնաս եմ տվել կամ ի՞նչ հանցանք եմ գործել որևէ ազգի կամ ժողովրդի կամ առանձին անձի դեմ։ Չէ՞ որ Արյաց աշխարհում ահա բազմաթիվ կրոններ կան, և յուրաքանչյուրի պաշտամունքը հայտնի է: Ո՞վ երբևիցե նեղեց-ստիպեց [նրանց]՝ մոգության կրոնին դարձնելու համար, մանավանդ քրիստոնեական կրոնի վերաբերմամբ, ինչպես որ հաստատ ու հավատարիմ են մնացել իրենց հավատին, այնպես էլ մեր աչքում բոլոր կրոններից բարձր նրանք են երևացել։ Եվ ոչ ոք չի կարող որևէ բիծ դնել նրանց ընտիր կրոնին, այլ զուգահավասար եմ համարում մեր մազգեզանց հավատին, ինչպես որ նրանք հարգված էլ էին մեր նախնիքների օրով, որը և ես ինքս էլ հիշում եմ իմ հոր ժամանակից, որը նստած էր այս մեծ գահի վրա։ «Երբ նա սկսեց հետազոտել և քննել բոլոր կրոնները և հաստատ կերպով վերահասու եղավ, ամենից վեհը գտավ բոլորի մեջ քրիստոնեական կրոնը. այս պատճառով էլ մեծարանքներով շրջում էին արքունի պալատում և նրանից առատա-