Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/80

Այս էջը սրբագրված է

անբաժանելի աստվածությամբ միացած՝ իր մարմնով կրեց մեր մեղքերի չարչարանքը, և նույն մարմնով խաչվեց ու թաղվեց և հարություն առնելով շատերին երևաց, և աշակերտների ներկայությամբ բարձրացավ իր հոր մոտ, և նստեց զորության աջ կողմը, հենց սրան ենք մենք ճշմարիտ աստված դավանում և նրան ենք սպասում, որ Հոր փառքով ու զորությամբ գալու է հարություն տալու բոլոր ննջեցյալներին, և նորոգելու արարածների հնությունը, հավիտենական դատաստան անելու արդարների և մեղավորների միջև:

«Չենք խաբվի երեխաների նման և չենք մոլորվի անտեղյակ մարդկանց նման և չենք խաբվի ինչպես տգետներ, այլ պատրաստ ենք ամեն տեսակ փորձությունների։ Եվ աղաչում ենք աստծուն և անդադար խնդրում նրա անչափ ողորմությունից, որ ինչով սկսել ենք, նրանով էլ ավարտենք քաջությամբ և ո՛չ թե վախկոտությամբ: Որովհետև հիմա Արևելքն ու Արևմուտքն իմացան ձեր աստվածամարտ լինելը և մեզ զուր տեղն սպանելը, չնայած մեր բոլոր ծառայություններին։ Մեզ վկա են երկինքը երկնավորներով և երկիրը երկրավորներով, որ մինչև իսկ մեր մտքերում էլ ամենևին չենք մեղանչել. և փոխանակ մեզ պարգևներ տալու և բարիք անելու կամենում եք մեր ճշմարիտ կյանքը խլել մեզնից. այդ անհնար բան է և այլևս չի լինելու։

«Իսկ այժմ հավատա՞նք նրա անարժան բերանին, որ չարաչար ստիպում էր ուրացություն [հանձն առնելն]. այսօր առանց որևէ բարիք անելու նա կարո՞ղ է ավետիքի քարոզիչ լինել։ Եվ նա, որ հայհոյում էր Քրիստոսին և հավատացողներին ստիպում էր ուրանալ նրան, այսօր չենք կարող նրա ակամա խոստովանությանն անմիջապես վստահել։ Նա, որ երդվում էր իր սուտ ու սնոտի հավատով եկեղեցու պաշտոնյաներին ամեն տեսակ չարչարանքների ենթարկելու, այժմ եկել է գողեգող շնորհակալություն է հայտնում, և դրանով կամենում է իր ամբողջ չարությունը մեզ վրա թափել: Ո՛չ դրան ենք հավատում և ո՛չ էլ այդ սուտ հրամանն ենք ընդունում»:

Իսկ նա երբ հասկացավ, թե չեմ կարող քանդել միա-