Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/81

Այս էջը սրբագրված է

բանվածների հաստատակամությունը, այն ժամանակ իր մոտից արձակեց դառնությամբ լցված ծերին, որի մեջ սատանան բույն էր դրել իր զորությամբ, և նա շատ արյունհեղություններ էր գործել. նրա ցանկալի կերակուրը մանկությունից սրբերի անարատ մարմինն էր, և նրա ագահության ըմպելիքը՝ անմեղների արյունը։ Նրա չարության վրա ավելացրեց նաև իր մահաբեր հրամանը — բոլոր երկրներից կազմված գնդեր էր դնում նրա հետ, ինչպես և փղերի բազմաթիվ երամակներ էր ուղարկում նրա հետ։

Երբ սա հասավ Հայաստանի սահմանների մոտ, մտավ Փայտակարան քաղաքը, և ամբողջ զորքը սփռեց-տարածեց քաղաքի շուրջը՝ իբրև զգուշություն, իր չարահնար մտադրությունների համար պատրաստություն տեսնելու նպատակով։ [Այս] հին չարաթույն վիշապը ամուր որջի մեջ մտած և մեծ կեղծավորությամբ իրեն անվախ ձևացնելով հեռավորներին սաստում էր ահարկու ձայնով, իսկ մերձավորների վրա օձի նման ֆշշացնում էր սողալով։ Սա ամբողջ Պարսից պետության իշխանն ու հրամանատարն էր, որի անունն էր Միհրներսեհ, և ամենևին ոչ մեկը չկար, որ համարձակվեր նրա խոսքից դուրս դալ։ Եվ ո՛չ միայն մեծամեծներն ու փոքրերը, այլև թագավորն ինքը լսում էր նրա խոսքին, որը և հենց ձեռնարկել էր այն ձախողակ գործերը։