Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/83

Այս էջը սրբագրված է

է, այլ [շատ] ազգերի ու երկրների. որ և շարունակելով կպատմեմ կարգով, թեպետև ոչ ուրախ սրտով։ Ահա ակամա գրում եմ այն շատերի մասին, որոնք զրկվեցին իրենց ճշմարիտ կյանքից և ուրիշ շատերի էլ կորստյան պատճառ եղան, ոմանց միայն այս երևացող բաների, իսկ մյուսների՝ թե՛ երևացող և թե՛ աներևույթ։ Եվ ամենից վատն այն է, որ նրանց բաց արած կորստյան դուռը միայն Աստված կարող է փակել, իսկ մարդու [կարողության] սահմանից անցել է և այլևս հնար չկա։

Այս անօրեն Միհրներսեհը, քանի որ առաջուց ստույգ գիտեր Վասակի ամբարշտությունը, այն ժամանակ էլ մարդ ուղարկեց և նրան իր մոտ կանչեց։ նա էլ, քանի որ առաջուց անջատվել ու բաժանվել էր Հայերի միաբանությունից, եկավ- ներկայացավ նրան. և ապացուցում էր իր հավատարմությունը և Հայերի անիրավ ապստամբությունը։ Դեռ այնպիսի բաներ էլ ավելացրեց ու պատմեց, որ հայերը բնավ չէին արել, և կամենում էր ընտանեբար հաճոյանալ անօրենին։

Իսկ նա թեպետև ներքուստ սաստիկ պախարակում էր նրան, բայց արտաքուստ պատիվ տվեց և երկրավոր մեծամեծ պարգևներ առաջարկեց նրան։ Եվ խոստացավ նրան ավելի մեծ իշխանություն, քան թե ուներ, և նրա ուշքը դարձրեց այնպիսի սնոտի բաների վրա, որ իր իշխանությունից վեր էր, իբր թե նրան վայել է թագավորական վիճակի հասնել. միայն թե այս գործի հնարը գտնի, թե ինչպես պետք է քանդել Հայոց ուխտի միաբանությունը, և թագավորի կամքը կատարվի այն երկրում։

Եվ երբ ամեն բանի հանձնառու եղավ նրա կամքի համաձայն վարվել, դառնացած ծերն էլ հասկացավ, որ նա թմրել ու ցնորվել և անջատվել է միաբանվածների հաստատությունից. իր տրտմած սրտում շատ մխիթարվեց և մտքով անցկացրեց, որ կկարողանամ բոլորին էլ այս ձևով որսալ դեպի անդյուտ կորուստը։ Եվ իր հնարագիտությանն էր վերագրում խելացի գործունեությունը, և տեղյակ չէր այն բա-