Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/85

Այս էջը սրբագրված է

Ուրծի Ներսեհ անունով իշխանը.
Պալունյաց մյուս մասի Վարաղշապուհ անունով իշխանը.
Ամատունյաց մի սեպուհ Մանեն անունով։


Եվ ուրիշ շատ ազատ մարդիկ արքունի տնից, որոնց ոստանիկ են անվանում։

Եվ իր ամբողջ երկիրը լիովին ապստամբեցրեց և ուրանալ տվեց ոչ միայն բազմաթիվ աշխարհականների, ոյլև շատերին եկեղեցու սուրբ ուխտից, մանավանդ սուտ երեցների միջոցով, որոնց ձեռքով գործում էր այն չարիքները. այն է՝ մի երեց Զանգակ անունով, մի երեց Պետրոս անունով, մի սարկավագ Սահակ անունով, մի սարկավագ Մուշի անունով. սրանց ուղարկում էր անմեղ մարդկանց մոտ, խաբում էր ու մոլորեցնում. երդվում էին սուրբ ավետարանով և ասում, թե «Թագավորի կողմից ամենքին պետք է շնորհվի քրիստոնեությունը»։ Եվ այսպես խորամանկ խաբեությամբ շատերին անջատում էին սուրբ միաբանությունից, տանում ու խառնում էին ուրացողների խմբերին։

Նա ժողովեց բոլոր գայթակղվածներին և մի մեծ զորագունդ կազմեց. նրանցից շատերի անունները մեկ առ մեկ գրեց և ցույց տվեց մեծ հազարապետին, ինչպես և իր արիությունն ու քաջությունը, մեծապես պարծենալով, թե ինչպես աշակերտեցրեց մոլար խաբեությանը. և այնպես ցույց տվեց, թե Հայոց զորքը բաժան-բաժան է եղել և պառակտված է։ Եվ երբ այս բոլոր չարիքները հաջողվեցին նրան, քանդեց նաև Վրաց աշխարհի միաբանությունը Հայերից, Աղվանիցն էլ չթողեց առաջ շարժվել. նույն ձևով ետ պահեց նաև Աղձնյաց երկիրը։ Թուղթ գրեց նաև Հունաց երկիրը Վասակ անունով մի մարդու այն Մամիկոնյաններից, որոնք Հույների ծառայության մեջ են գտնվում, ցույց տալով [ամեն ինչ] հեղաշրջված և սուտ ու սխալ։ Այս թշվառության ժամանակ այն մարդը Ստորին Հայքի սպարապետ էր և Հոռոմների զորքերին հավատարիմ մի անձ Պարսից սահմանի վրա, և իր գործերով Աստծու օրենքներին հակառակ գործող մարդ էր։ Այս Վասակն իրեն գործակից գտավ այն Վասակին այն