Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/88

Այս էջը սրբագրված է

յալ, թե ի՜նչ հնարքներով կարող է այն վերացնել Հայոց աշխարհից:

Երբ այս բոլոր չարագործությունները Միհրներսեհը տեսավ նրա մեջ, իր անձից ավելի հույսը նրա վրա դրեց։ Հարցնում և ստուգում էր, թե ընդամենը քանի՞ մարդ կա Հայոց աշխարհում Վարդանի գնդի մեջ։ Երբ նրանից լսեց, թե վաթսուն հազարից ավելի են, նաև տեղեկություններ պահանջեց յուրաքանչյուրի քաջության մասին, կամ թե՝ նրանցից քանի՞ հոգի են սպառազեն, և կամ քանի՞ հոգի են առանց զենքի լոկ աղեղնավորներ. նույնպես և վահանավոր հետևակների մասին։

Եվ երբ լսեց բազմության թիվն ու համարը, է՛լ ավելի շտապեց իմանալ, թե քանի՜սն են քաջ զինվորների պարագlուխները, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի դեմ երեքը պատրաստի, բացի բոլոր մնացած բաներից։ Մինչև անգամ նրանցից ամեն մեկի դրոշներին մասին էլ էր տեղեկություն հարցնում, և թե զորքը քանի՞ գնդի են բաժանելու և նրանցից ովքեր պետք է հրամանատար լինեն, և ո՞ր զորագլուխը ո՛ր կողմից պետք է պատերազմի մեջ մտնի, և ի՛նչ են յուրաքանչյուր համհարզների անունները, և քանի՞ փողահար պետք է ձայն արձակեն գնդի մեջ։ Արդյոք [ցցապատնեշներով ու խրամով շրջապատված] բանա՞կ պիտի գնեն, թե արձակ դաշտում տեղավորվեն. ճակատ առ ճակա՞տ պիտի գործեն, թե համագունդ մի տեղի վրա պիտի գրոհ տան։ Նրանցից ո՛րը պետք է տատանման մեջ մնա և կամ նրանցից որրը ջանք թափի՝ իր անձը մահվան ենթարկելով։

Եվ երբ այս ամենի մասին տեղեկացավ նրանից, կանչեց բոլոր զորագլուխներին, նրա ներկայությամբ բոլորին հրաման տվեց, որ բոլորը կատարեն նրա հրահանգները։ Եվ ամբողջ զորքը զորագլուխների հետ միասին հանձներ ավագներից մեկին, որի անունը Մուշկան Նյուսալավուրտ էր։

Իսկ ինքն այնտեղից ելավ-գնաց Արևելյան երկիրը. և ներկայանալով մեծ թագավորին՝ պատմեց նրան գործի բոլոր հանգամանքները, իր հնարագետ իմաստությունը և Վասակի խաբեբա ճար ու հնարները. թե ինչպես նա իր նախ-