Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/140

Այս էջը հաստատված է
14

Տունս դաշտում հեռու սպասում է հիմա։
Շուրջը մութ է ու մուժ — կարմիր մշուշ ու մահ:

Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր —
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր։

Բայց կարոտս հիմա — հրափթիթ մի վարդ —
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ։

Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ։