Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Այս էջը հաստատված է
ՎԵՐԱԴԱՐՁ
1

Երբ երկնքի մովում վերջին աստղը հանգավ՝
Նա իր տունը թողեց ու ճանապարհ ընկավ:
Դեմը` դաշտն էր հերկած` արգավանդ ու խոնավ,
Վերը, հեռո՛ւ-հեռուն, որպես հրե մի նավ,
Առագաստը փռած, հրամանված ու հիր
Բարձրանում էր հեռու արեգակը կարմիր:
Զով էր դաշտում, չկար դեռ տագնապ ու կրակ,
Ու քայլերով թեթև նա գնում էր արագ,
Հեռանում էր անդարձ, անսփոփ ու լռին
Ու նայում էր հեռու հորիզոնի ծիրին:
Տարօրինակ, մենակ, սրտում կարոտ ու հուր`
Նա գնում էր արագ ու երգում էր տխուր,
Ու նայում էր հեռու հորիզոնի ծիրին
Եվ լսում էր մի ձայն, որ կանչում էր լռին:
Հեռուներից կապույտ մեղմ կանչում էր նրան
Մի հեռավոր ընկեր, կարոտակեզ մի ձայն, —
Մեղմ կանչում էր նրան դեպի երկնի հեռուն
Ու սուլում էր նրան մոռացում ու գարուն: