Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/149

Այս էջը հաստատված է
4

Նա նայում էր մեռնող արեգակի հրին
Եվ, չգիտեր ինչո՞ւ, արտասվում էր լռին:
Սիրտը զարկում էր խուլ, որպես ջարդած մի զանգ
Ու անցնում էր հոգուց մի հրաշունչ հոսանք:
— Որպես վառվող մի սիրտ, ողջակիզվող կրակ,
Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ,
Որ գիշերից հետո, որպես հրե մի վարդ,
Նորից վառվի ծիրում ու բարձրանա զվարթ —
Եվ լափվելով անվերջ իր կարմրակեզ հրից`
Երկինքների մովում ողջակիզվի նորից —
Որ դաշտերին խոնավ, ճահիճներին ճղճիմ
Տա՛ իր վառվող հոգու ոսկիները վերջին...
Նա լալիս էր անօգ, երբ սրտաբեկ զգաց,
Որ բռնկվեց սրտում արնաշաղախ մի կայծ:
Ոտքի ելավ հանկարծ, շուրջը նայեց մի պահ —
Լո՛ւռ էր շուրջը այնպես, լռություն էր ու մահ:
Հովը նորից քսվեց նրա հոգնած ուսին
Ու փսփսաց հեռու երկինքների մասին...
Բայց չլսեց նրան: — Սրբեց աչքերը թաց
Եվ արևի՜ հրին կարոտակեզ ժպտաց:
Եվ հայացքը հառած արեգակի շողին —
Նա ժպտալով բռնեց վերադարձի ուղին...
Եվ վայր իջավ արագ հեռուներից պարապ —
Ու ճչում էր հոգին, որպես մեռնող կարապ,
Սեգ լեռների վրա, լուրթ երկնքի միջում
Գովքն էր երգում մահի, որպես մեռնող թռչուն:
— Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ —
Ու քայլերով թեթև նա իջնում էր արագ,
Որ համբուրե այնտեղ, հովիտներում ճղճիմ,
Բորբ արևի թողած ոսկիները վերջին..