Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/154

Այս էջը հաստատված է
4

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ...

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ որ լսե, ախ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ...