Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Այս էջը հաստատված է
10

Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՝ւյր իմ, բրոնզե հարս,
Լուսավոր դու, հրասիրտ ու հրավարս,
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս:

Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն։

Եվ քո սիրտը — մի խարույկ է ճարճատուն,
Ու հրում քո այրվում ես հիմա դու,
Ու կարմիր են կրակները քո հատու։

Բայց գրկել է քեզ խավարը անսփոփ,
Արնոտել են կրակներդ հիմա որբ,
Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ հրասուրբ։

Ու խավար է, շուրջդ ահ է ու մշուշ,
Արնոտել են կրակները քո անուշ —
Շուրջդ ա՛հ է, շուրջդ մա՛հ է ու մշուշ։

Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Օ, երկի՛ր իմ, հրադեմ ու հրասիրտ —
Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս իմ երազի։