Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Այս էջը հաստատված է

Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Քրքջացել են լուսավոր քո երազին,
Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս իմ երազի։

Ու վերքերը կարմըրել են երեսիդ,
Արնոտել են շուշանները երազի,—
Բայց քո ճիչը Ամոքիչը կլսի:

Եվ հողմերը կճչան ու կշաչեն,
Եվ զենքերը մեր զվարթ կշառաչեն,
Որ հառնե քո երազանքը լուսաճեմ։

Ու հրում, հողմերում մեր երազի
Կկորչեն քո դահիճները, անբասիր,
Ոսոխները, ոսոխները քո զազիր։

Եվ նրանք, որ թքեցին քո երեսին —
Պետք է մահը ու դժոխը երազեն
Գայլերի ու ցիների հետ միասին։

Եվ նրանք, որ լրբացել են էլ հիմա
Անկումից քո, խարխափից քո ակամա —
Գտնելու են միայն մեգ ու միայն մահ։

Կհառնես դու, հրասիրտ ու հրավարս,
Կվառվես դու խնդասիրտ ու կխնդաս,
Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս։