Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/163

Այս էջը հաստատված է
12

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները՝ բաշերը փրփուր։
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր։

Վառվել է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժույգները վառե՛լ են երկիրը, —
Թռչում են — հողմի՛ պես — անընդհատ շարքով,
Ամեն տեղ — երաշտ է, տագնա՛պ է, գրգի՛ռ է։

Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՛ռ,
Կայծերը նետի՛ պես ճեղքում ե՛ն գալիքը,
Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը — բարիք է։

Թռչո՛ւմ են, թռչո՛ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները, բաշերը — փրփուր,
Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց —
Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր...