Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/167

Այս էջը հաստատված է
16

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս
                              բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ —
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս
                            բախտազուրկ,
Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ...

Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ
                                      կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն —
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը
                                   իմ կարմիր —
Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում...

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս
                                   ավերակ —
Այնպես էլ սիրտս — անսփոփ, այնպես էլ
                              սիրտս — անուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը
                                   այս հրակ —
Ախ, սի՜րտս իմ՝ բո՜րբ ու անսփոփ, — երկի՜ր
                        իմ՝ ո՜րբ ու անուրախ...