Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/173

Այս էջը հաստատված է
22

Որքան դաշտեր որ կան,
Որքան որ կան լեռներ,
Որքան գյուղե՜ր, հյուղե՜ր,
Ու քաղաքներ հսկա —
Կուզեմ ողջույն այնքան
Հոգուս խորքից թևե՜ր.
Կուզեմ ամե՛ն ժխոր
Հոգիս ապրի, զգա:—

Կուզեմ երգում իմ այս
Հոգիս հրթի՜ռ դառնա,
Թռչի հեռուն հրկե՜զ.—
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս…

Կուզեմ շնչում երգիս
Ամե՛ն անցորդ զգա —
Խենթությո՜ւնս հրկեզ,
Խնդությո՛ւնս հսկա…