Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Այս էջը հաստատված է

Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
Ու ավերե՜ն պիտի ձեր քաղաքները լուսնահար։

Ո՛չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա'
Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա։

Ու չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան,
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան:

Չեն վառվելու տռփակեզ կանաչ աչքերը էլ ձեր,—
Նրանք մոխի՜ր կդառնան, չե՛ն բորբոքվի նրանք էլ:

Եվ չի՛ հիշի ո՛չ մի սիրտ, որ դարերի մեջ մի օր
Սիրտս եղել է գերի անկումներին ահավոր։

Որ եղել է դարերում մի սարսափի նման կին,
Որը նետել է հեռու աստղանկար իմ հոգին։

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ՝
Ո՛չ դրախտը ձեր գեհեն, ո՛չ թախիծը ձեր դյութիչ:

Եվ չի լսի ո՛չ մի կին իմ անկումի մասին այս,
Որ դարձրեց իմ հոգին թարախակալ մի երազ։

Եվ չի մատնի ո՛չ մի բառ շնչում իմ տոթ երգերի
Որ եղել եմ ես տկար, որ եղել եմ ես գերի...

Ես պոետ եմ — և հիմա իմ վառ երգերը պիտի
Դեպի գալի՜քը թռչեն սլաքների պես նետի։

Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան...