Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/211

Այս էջը հաստատված է
4․ ՎԱՐՍԱՎԻՐԻ ՀՄԱՅՔՆԵՐ


Վարսավիրի մոտ հիմա նա լուռ նստել է էլի.
Դեմը փայլում է հսկա արծաթափայլ հայելին։

Դեմը նստել է մի կին ու աչքերով մեռելի
Նայում է պաղ աչքերին` անվերջ, էլի ու էլի։

Թափել է վար, ճակատին դեղին մազերը հիմա,
Ու ակնարկում է մթին տագնապներով ակամա։

Այնպես օտա՜ր է, այնպես անսիրելի ու հեռու.
Ի՞նչ են գտել նրա մեջ գուրգուրելու, սիրելու։

Տխո՜ւր, տխո՜ւր, որպես մահ, ակնարկում է
                                            հայելին.
Սանրվում է սակայն նա, դեմքը ժպտում է էլի։

Ու կանգնել է իրեն մոտ — մոտի՜կ, մոտի՜կ,
                                         որպես սեր —
Մի բարեկամ անծանոթ, հրաշագործ մի ընկեր։

Դեմքին տաղտուկ մի ժպիտ, ձեռքին սրվակ ու
                                            փոշի`
Թափում է նո՜ւրբ հմայքներ, ծախվող բույրեր
                                         ուրիշի։