Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/235

Այս էջը հաստատված է
ԺԱ

Հազար ու մե գիրք կարդացի — խելացի գիրք
                                                     չտեսա,
Հազար կնկա գիրկն ընկա — սիրեկան գիրկ
                                                     չտեսա։
Հասա մինչև Ֆռանգստան, երգ ու տաղեր լսեցի —
Սայաթ-Նովի ձիրքի նման երկնային ձիրք չտեսա։

Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի՝
Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա

Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի —
Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա։

Ամեն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի —
Բաղերն ընկա՝ քեզնից անուշ ու հասած միրգ
                                                     չտեսա։