Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Այս էջը հաստատված է
ԺԳ

Ինչքա՜ն կանչես ու տաղ ասես, խելքի արի՝
                                                 բավ է էլի—
Առանց անգին գոզալի էլ աշխարհը լեն, լավ է էլի։

Ինչքան էլ խաս, ատլաս հագնի, երեսը ալ,
                                                գոզալ անի —
Աքլորների հոգի հանող սիրեկանդ հա՛վ է էլի:

Ինչքան էլ ֆանդ, զար ունենաս, ինչքան էյթիբար
                                                   ունենաս՝
Սիրող սիրտը ծովըն ընկած անօգնական նավ է էլի:

Թեկուզ սիրի, գիրկդ ընկնի, դնես օսկե
                                              ղափաղի մեջ —
Կնկա էշխը հոգի հանող անհանգչելի ցավ է էլի:

Վա՛յ քեզ, Չարենց, լավ իմացի, խելքդ թող միշտ
                                                 գլխիդ մնա՝
Ամենասուրբ խոսքը կնկա արյունաքամ դա՛վ է էլի: