Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/286

Այս էջը հաստատված է
***

Այս շենքի վրա ամպերն են թառել,
Քնել է քամին։
Մեկը սենյակում կրակ է վառել
Իրիկնաժամին։

Կրակ է վառել, իսկ ինքը չկա։
Դատարկ սենյակում
Կախված է պատկերն օտար աղջկա։
Լույսը չի հանգում։

Քնել է քամին։ Ու ծառերը մունջ
Նիրհել են մուժում։
Իսկ կրակը դեռ վառվում է անխոնջ
Ներսը — մշուշում։