Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/293

Այս էջը հաստատված է
ԱՐՏԻՍՏԸ
(Պ. Ադամյանի հիշատակին)

«Իմ հոգին —- որպես լույսերի տաճար,»
Իմ հոգին — որպես երազի խորան.
Բոցերի նման թե Բարի, թե Չար
Խանձեցի հոգիս — Արվեստի՜ համար...

Իմ արքայական երակների մեջ
Հոսում էր արյունն Համլետի, Լիրի.
Ես — հազարանուն, ես — թռիչք ու վեճ,
Ես — աստվածային, խարո՜ւյկ կրքերի...

Երբ տրտմությունս էր մի գիշեր հոսում,
Երևաց տեսիլն Արվեստի՜ — իմ Հոր...
Եվ փնտրումների լաբիրինթոսում
Հեծկլտա՜ց հոգիս՝ երկընքի՜ պես խոր...

Խելագարության մղձավանջի մեջ
Ես արքայական Մավրի դղյակում
Խանձեցի հոգիս, որի հուրն անշեջ
Եղավ ինձ համար, մարդի՛կ, ամոքո՛ւմ...