Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ
մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա,
կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս։
Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի
ճանաչում
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս։
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ո՛ք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեն, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ։
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան...