Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Այս էջը հաստատված է

Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,
Աղմկում է, որպես խուլ ու հեռավոր մի քամի,
Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ
Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,
Խո՛ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում․
Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՛շ
Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։

Զարթնում է մեջս հանկարծ․ հազարամյա մի քաոս,
Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,
Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,
Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու
                                                               խավար։

Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում,
Հիվանդ մանկան պես անօգ՝ մերթ գանգատվում է
                                                               կամաց,
Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն՝
Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած։