Այս էջը հաստատված է
Նվարդի համար
Քո աչքերի պես խոնավ ու լազուր լճի
Հեռուների նման բիլ իմ հոգում հիմա
Տխրություն է ու թախիծ, դառնություն ու մահ։
Եվ ես ուզում եմ, որ այդ տխրությունն աճի
Ու խտանա, մշուշի պես կապույտ ու թեն —
Որ ես ոչի՛նչ չտեսնեմ մշուշից բացի․․․
Սակայն նստել եմ, տխուր, իրիկվա մեգին,
Ու տվել եմ մատներիս վարդարանը քո.
Մտորում է զանգերի հուսահատ հոգին
Հեռուներում՝ ամպերի տխրության ներքո։
Ու վարդարանը քո հին՝ հեռավոր հուշի
— Ճառագայթի նման բիլ՝ իմ լազուր հոգում
Թափում է հի՛ն կարոտի մի կապույտ փոշի...
Ընկնում են, մեղկ ու մեկ-մեկ, հատիկները բիլ
Ու հոսում են մատներիս տխրության միջով
Ջրերի պես անձրևի՝ պարզ, կաթիլ-կաթիլ։