Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/326

Այս էջը հաստատված է
ԱՍՏՂԻԿ


Քնար չկա ձեռքիս և ոչ սրինգ անուշ,
Որ քեզ երգեմ, Աստղի՜կ, կին դու՝ հավերժ բեղուն,
Ցնորք դարձած դու կին, արդեն մեռած վաղուց,
Քարի՛ կոտրած բեկոր՝ անդարձ կորած հողում։

Աստղի՜կ, հեռու տեսիլ, ինչպես դարերն հեռու,
Ո՛վ թարմություն գարնան, անուշ կարկաչ առվի, —
Ինչո՞ւ ստվեր դարձար, ինչո՞ւ դարձար ուրու,
Եվ ե՞րբ պիտի նորից հմայքը քո վառվի։

Վաղո՛ւց անցել ես դու, Աստղի՜կ, կյանքից մեր մութ,
Թողել ես կյանքը այս հիվանդ քրոջդ մեղկ,
Թողել ես, որ երգեն նրան երգեր լուսնոտ,
Լուսնոտ երգեր երգեն տխուր ձայնով բեկբեկ։

Նրանք սրինգ ունեն, ունեն քնքուշ քնար,
Գեղգեղ երգում են մութ, տարտամ սերերն իրենց,
Սիրում են քո քրոջ մարմինը պաղ մարմար՝
Սիրով անկիրք ու մեղկ, սրտով մեռած ու խեղճ։

Աշնան անլույս, տխուր օրերն անլույս, բեկուն,
Աշնան քամին, առուն, աշնան հովերը թաց