Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/327

Այս էջը հաստատված է

Խոսում են մեղմ ձայնով նրանց հիվանդ հոգուն
Սիրո մասին՝ վաղո՛ւց արդեն ցնորք դարձած։

Նրանք սրինգ ունեն, ունեն քնքուշ քնար,
Գիտեն երգել աշնան հովի նման անուշ,
Երգում են քո քրոջ մարմինը՝ պաղ մարմար,
Երգում են սեր, աշուն, աշնան ցնորք ու հուշ։

Եվ չեն սիրում նրանք էլ քո մարմինը տաք,
Սիրո խնդում չկա նրանց համար հիմա, —
Սիրում են սերն իրենց, ցնորքը ջինջ, հստակ,
Որ տա՛ պիտի իրենց անսուտ գգվանք ու մահ։

Ու ստվերներ դարձած՝ նրանք շրջում են լուռ
Պուրակներում խոնավ, բուլվարներում անմարդ։
Եվ չի վառվի նրանց կյանքում էլ ո՜չ մի հուր,
Եվ չի լցվի խանդով նրանց հոգին վհատ։

Աստղիկ, ինչո՞ւ անցար, ինչո՞ւ նրանց երգից,
Երգած քո թույլ, նվաղ, հիվանդ, քրոջ մասին —
Թողիր դու կյանքը մեր և որբ թողիր դու ինձ,
Եվ կյանքը սուտ դարձավ՝ գիշեր, ցնորք, լուսին։

Ես ի՞նչ անեմ հիմա. նրանք երգեր ունեն,
Նրանք գիտեն ապրել՝ լուսնի լույսին գերի, —
Բայց չե՛մ կարող հո ես սիրել օրերը թեն —
Ուզում եմ ես գգվանք, գալարք ու խաղ հրի։

Ուզում եմ ես հիմա քո շեկ մազերը բոց,
Կարմիր շրթերը քո, կոնքերը քո հասուն,
Ուզում եմ կիրքը քո՝ կրակ դարձած կնոջ,
Տարփանքը քո բեղուն, որ չի՜ երբեք կասում։

Ուզում եմ քո բրոնզե անհաղթ թևերը ձիգ,
Ու կուրծքը քո հրե, արգանդը քո գարուն,