Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/33

Այս էջը հաստատված է
1
Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել

Օրերի միգում երևում է ինձ։
Թարթում են միգում կրակները դեռ,
Ու կարոտը հին խեղդում է նորից։


Անցնում է, որպես անմարմին տեսիլ
Ու նորից միգում երևում է նա։
Ու նորից չկա։ Ու նորից գիշեր —
Փողոցի վրա ու հոգուս վրա։


Կրակներ, ջահեր։ Անցնում են նրանք,
Կանչում են նրանք, ակնարկում են ինձ։
Կանգնում են թարթող կրակների տակ,
Ներկած աչքերով կանչում են նորից։


Ու լուռ է հոգիս։ Ու մենակ եմ ես։
Երազուն, տխուր։ Հավատում եմ դեռ։
Ու անցնում է նա — անմարմին, անտես,—

Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել։