Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/332

Այս էջը հաստատված է
ՊՐԻՆՑԵՍԱ ՄԱՀ

                                           Նվարդին ու Գոհարին

Սպիտակ վարդեր կան շրթերի վրա քո,
Աչքերիդ լճի մեջ — մոռացման թերթեր։
Հավիտյան հանգել է աչքերիդ կրակը
Ու բացվել են տեղը սպիտակ վարդեր։

Դու խաղաղ նիրհել ես, հավիտյան լռել ես
Եվ այնպե՜ս է քաղցր լռությունը քո,
Որ մի պահ մարել եմ առաջվա հրերս
Ու խմում եմ նիրհդ՝ լուսավոր ու գոհ։

Ախ, կարծես թե սիրտս քեզ դարե՜ր սիրել է
Ու գտել է լույսդ դագաղում հիմա.
Քո գունատ աչքերը, քո մաքո՞ւր աչքերը
Իմ հոգին գերել են, о, պրինցեսա Մահ...

Եվ ահա թեքվել եմ ու դողդոջ շրթերս
Համբուրում են կարծր քո ճակատը սառ —
Համբույրով տալիս եմ կարոտի վարդերս՝
Քո լուսե հուշի հետ մոռացմա՛նը տար...

1911