Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/341

Այս էջը հաստատված է

Ու կատվային աչքերում,
Արդեն մարող ճառագայթի նման խեղճ,
Հուրհուրում էր վերջին տագնապը սիրո,
Որ դեռ մխում էր ցամաքած սրտի մեջ։

Երկա՛ր, երկա՛ր մլավում էր հուսահատ։
Եվ որպես սև դառնություն —
Այդ աղեխարշ մլավյունը իրիկվա
Հոսում էր վար կտուրից,
Որպես թախիծ, որպես թույն...

Նայում էի ես երկա՛ր։
Լո՛ւռ էր այնպես։ Ու միայն ջուրն էր կաթում, —
Երբ դիմացի կտուրից,
Գաղտնագողի մոտենալով —
Ցատկեց հանկարծ մի կատու։

Դեռ չէր տեսել։ Բայց հանկարծ
Նա նկատեց — ու մլավյունը խղճուկ
Փոխվեց մի սուր, արնափրփուր խնդության։
Եվ իրարու մոտեցած,
Արդեն մարող լույսերի տակ արևի,
Նրանք իրար միացան,
Չիմանալով, որ նայում է մի չար աչք —
Ներքևից...

Հետո... ների՜ր ինձ, երկի՜նք,
Որ հալհլոցը գարնան
Ու տեսարանը հեթանոս այդ սիրո
Մեջս շարժեց չար մի կիրք...