Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/366

Այս էջը հաստատված է

Սիրատոչոր, խենթ մի կին].
Ու բոլորը հեռացան -
Ոչինչ, ոչինչ չտվին։

Ու ինչպիսի՜ վայրկյաններ
Տղաների նման չար
Խլրտացին հևիհև,
Կրակվեցին ու անցան...

Հալած ոսկու նման թեժ,
Բորբոք ծփաց մի կարոտ -
Տոթ մարմիններ սիրակեզ,
Գուրգուրանք ու առավոտ...

...Բայց մի անգամ - վարանոտ -
Մոտդ եկավ մի տղա -
Տարօրինակ-երազկոտ
Փողոցի մի երեխա...

Ասավ` երգեր ունեմ ես
Քո կրքերի նման շոգ -
Ցանկություններ լուսերես,
Ամոթխած ու ամաչող։

Բայց բոլորը - որպես երգ,
Երգի թրթիռ ու ծիծաղ,-
Չես մոռանա էլ երբեք
Նրա տենչերն անուրախ։

Նայեց դեղին աչքերիդ
Ու հեռացավ առանց սեր -
Հետը տարավ անհագուրդ,
Անմար կարոտ մի լուսե...

Դու որ հազար սերերի
Խախճանքներ ես տեսել -
Ո՞ւմ ես տվել ավելին,
Ում ես թողել այդքան սեր: